«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եվրախորհրդարանի ընտրությունների հակասական արդյունքները

Եվրախորհրդարանի ընտրությունների հակասական արդյունքները
28.05.2019 | 13:49

Եվրախորհրդարանի մամուլի կենտրոնը ԵՄ-ում ընտրատեղամասերի փակվելուց հետո հայտարարել է ընտրությունների արդյունքները.
ԵԺԿ- 178
S&D-՝ 152 (Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ դաշընք)
ALDE&R ՝ 108 (Լիբերալների և դեմոկրատների դաշինք՝ Եվրոպայի համար)
Greens/EFA -՝ 67,
ECR – 61,
GUE/NGL –՝ 39,
EFDD -ն 53,
ENF – 55
NI – 7։


Եվս 31 պատգամավոր ոչ մի քաղաքական խմբի չի պատկանում։
Մեծ Բրիտանիայում Եվրախորհրդարանի ընտրություններում Նայջել Ֆարաջի նորաստեղծ Բրեկզիտի կուսակցությունը առավել մեծ թվով ձայներն է ստացել: Երկրորդը Լիբերալ-դոմակրատներն են, որ կտրականապես դեմ են բրեկզիտին: Լեյբորիստներն ու Տորիները 2014-ի ընտրությունների համեմատությամբ՝ բազմաթիվ ձայներ են կորցրել: Նրանք հինգերորդն են՝ առաջ թողնելով եվրոպամետ Կանաչների կոուսակցությանը: Որ Մեծ Բրիտանիայում Եվրախորհրդարանի ընտրություններն ընդհանրապես անցկացվելու են, միայն ապրիլին պարզ դարձավ՝ երբ Թերեզա Մեյի պահպանողական կուսակցությունը չկարողացավ խորհրդարանում համաձայնություն ստանալ բրեկզիտի համաձայնագրին, որով մարտի 29-ին Մեծ Բրիտանիան հրաժեշտ էր տալիս ԵՄ-ին: Ըստ պայմանավորվածության՝ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմում կմնա մինչև հոկտեմբերի 31-ը, բայց կարող է ավելի վաղ դուրս գալ, եթե խորհրդարանն ընդունի 3 անգամ մերժած համաձայնագիրը:


Նախնական արդյունքներով՝ Մեծ Բրիտանիայի 73 պատգամավորներից 64-ն են հայտնի: 28 մանդատ ունի Բրեկզիտի կուսակցությունը. 15՝ լիբերալ-դեմոկրատները. 10՝ լեյբորիստները, 7՝ կանաչները, 3՝ տորիները, 1՝ վալիական Պլայդ քամրի կուսակցությունը: Ընտրություններին մասնակցությունը միջինից ցածր էր՝ 37%: Եվրոպական մյուս երկրներում մասնակցությունը 2014-ի ընտրությունների համեմատությամբ մեծացել է՝ 51%:


Եվրախորհրդարանի ընտրություններ անցկացվել են մայիսի 23-28- ին: 751 պատգամավոր ընտրելու հնարավորություն է ստացել ԵՄ 28 երկրների 427 միլիոն ընտրող: Այս ընտրություններում հաղթանակ էին գուշակում ձախ պոպուլիստական կուսակցություններին, որ վերջին տարիներին շատ երկրներում հանչաճանաչ էին դարձել: Այդ կուսակցությունները հաջողություններ գրանցեցին, բայց մեծամասնություն չեն ստանա: Իտալիայում. Հունգարիայում. Լեհաստանում, որտեղ այդ կուսակցությունները իշխում են, ընտրություններում էլ առաջին տեղում են:


Իտալիայի կառավարող կոալիցիայի «Լիգա» կուսակցությունը հաղթել է Եվրախորհրդարանի ընտրություններում` 34,3 տոկոսը: Փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինիի կուսակցությունը առաջինն Է դարձել ժողովրդականության ցուցանիշով ու ամրապնդել դիրքերը Եվրոպայի օրենսդիր մարմնում: ԵԽ-ի անցյալ գումարմանը «Լիգան» ուներ 5 մանդատ, հիմա՝ գրեթե վեց անգամ ավելի: Իտալիան ունի 73 եվրապատգամավոր: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ավարտից հետո կստանա ևս 3 մանդատ: «Լիգայի» նախագահ Մատեո Սալվինին, որ հայտնի է քննադատական վերաբերմունքով ԵՄ ղեկավար մարմինների կառուցվածքի նկատմամբ, հայտարարել է, որ Եվրախորհրդարանում Մարին Լե Պենի «Ազգային միության», Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Նայջել Ֆարաջի հետ սերտորեն համագործակցելու մտադրությունի ունի: Երկրորդ տեղում Է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որը 22,7 տոկոսով առաջ Է անցել երկրորդ կառավարող կուսակցությունից՝ «5 աստղերի «Շարժումից», որի արդյունքը հազիվ 17 տոկոս է: Եվրախորհրդարան է անցել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առա՜ջ, Իտալիա» կուսակցությունը՝ 8,7 տոկոս:


Ֆրանսիայում Մարին Լե Պենի «Ազգային միությունը» առաջինն է՝ 23.6 տոկոսով: Նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է 22.4 տոկոս։ Երրորդ տեղում «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» ձախ արմատական կուսակցությունն է՝ 12.9 տոկոսով, չորրորդը՝ 8,9 տոկոսով հանրապետականներն են, հինգերորդը՝ սոցիալիստները՝ 6,3 տոկոսով: Հունաստանում առաջինը «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցությունն է, վարչապետ Ալեքսիս Ցիպրասը իր «ՄԵՐԻԶԱ» կուսակցության պարտությունից հետո հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Իսպանիայում ու Պորտուգալիայում իշխող ձախկենտրոնամետ կուսակցություններն են հաղթել: Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որ Իսպանիայի իշխանություններից Բելգիայում է թաքնվում, Եվրախորհրդարանի մանդատ կստանա։ Պուչդեմոնը «Ազատներ՝ Եվրոպայի համար» կատալոնական կոալիցիայի ցուցակում առաջինն է: Եվրախորհրդարանում Իսպանիայի 54 մանդատներից 2-ը կստանա այդ կուսակցությունը: ԵԽ է անցնում նաև ժեներալիտետի նախկին անդամ Թոնի Կոմինը, նա ևս Բելգիայում է թաքնվում։


Գերմանիայում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությունն է հաղթում: Նրա հիմնական մրցակից սոցիալ-դեմոկրատները երրորդն են, երկրորդը «Կանաչներն»: Նախնական կանխատեսումներով՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը բավարական Քրիստոնեա-սոցիալական միության իրենց կողմնակիցների հետ ստանում են 28 տոկոս ձայն, «Կանաչները»՝ 22 տոկոս, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 15.5 տոկոս: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստանում է ձայների 10 տոկոսը, «ձախականներն» ու Ազատ դեմոկրատական լիբերալ կուսակցությունը՝ 5.5-ական տոկոս:
Ավստրիայում առաջատարը կանցլեր Սեբաստիան Կուրցի կուսակցությունն է: Ըստ էքզիթ փոլի տվյալների, Ավստրիայի ժողովրդական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 34.5 %-ը: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստանում է ձայների գրեթե քառորդը՝ 23.5%: Լավագույն եռյակը եզրափակում է աջ պոպուլիստական Ավստրիական ազատական կուսակցությունը՝ 17.5%:


Նիդեռլանդներում ու Դանիայում եվրասկեպտիկները պարտվել են: Էստոնիայում աջ ԷԿՌԵ կուսակցությունը 4-րդն է ու մանդատ չի ստանա: Լիբերալ կուսակցությունները հաջողություն են գրանցել Սլովակիայում: Հաջողություններ ունեն նաև բնապահպանական կուսակցությունները (Մեծ Բրիտանիայում կանաչների արդյունքը ևս հաջողություն է, որ մասամբ պայմանավորվեց կուսակցության՝ բրեկզիտին դեմ լինելու հստակ դիրքորոշումով), Գերմանիայում կանաչները ձայներ տարան իշխող միությունից ու երկրորդն են. Ֆրանսիայում երրորդն են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թեպետ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները դեռ վերջնական չեն, հիմնական պատկերն արդեն կա՝ Հին աշխարհը դիմացավ պոպուլիստների ու ազգայնականների գրոհին: Ստրասբուրգում նրանք մեծամասնություն չստացան: Մարին Լե Պենի 1,2 տոկոսանոց հաղթանակը Էմանուել Մակրոնի նկատմամբ վկայում է, որ ֆրանսիացիներն իրենք էլ չեն ընկալում «ֆրանսիացի լինելու արվեստը» ու տուրք են տալիս ԵՄ-ից դուրս գալու ու ազգային պետություն ունենալու կոչերին: Բնականաբար՝ Մակրոնը Ցիպրասի պես արտահերթ խորհրդարանական ընտրություններ չի հայտարարի, բայց նախագահության մնացած ժամկետում պետք է վերանայի հիմնականում տնտեսական քաղաքականությունը, եթե ուզում է, որ «Առաջ, Հանրապետությունը» հաղթի հաջորդ խորհրդարանական ընտրություններում ու ինքը ևս երկրորդ անգամ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու պատիվն ունենա: Գերմանիան երերաց, բայց պահեց դիրքերը:
Եվրահանձնաժողովում ակներև են համարում եվրոպամետ ուժերի հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում, և հիմքեր չեն տեսնում խոսելու պոպուլիստների հաղթանակի մասին՝ հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը: «Ես կասեի՝ ոչ, պոպուլիստները չեն շահել այս ընտրությունները: Ընդհանուր առմամբ հաղթել են եվրոպամետ ուժերը, այսինքն նրանք, որ ցանկանում են աշխատել Եվրոպայում և Եվրոպայի համար, այլ ոչ թե նրանք, որ ցանկանում են քանդել Եվրոպան»,- ասել է մամուլի քարտուղարը՝ ի պատասխան մայիսի 23-26-ի եվրոպական ընտրությունների արդյունքները մեկնաբանելու խնդրանքի: «Այժմ մենք եվրոպամետ մեծամասնություն ունենք խորհրդարանում: Այս ընտրությունները ցույց են տալիս, որ եվրոպական դեմոկրատիան իրեն լավ է զգում և ողջ է»,-հավելել է նա: 28 երկրներում ընտրությունների՝ ԵԽ-ի առաջատար աջ կենտրոնամետ խմբակցությունը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, 2014-ի ընտրությունների համեմատ կորցրել է 36 մանդատ: Եվրախորհրդարանում իշխանափոխություն է լինելու՝ ԵԺԿ-ի մանդատների կորուստը թույլ չի տա պաշտոնավարել ներկա ղեկավարությանը: Ո՞վքեր կփոխարինեն Դոնալդ Տուսկին, Ժան-Կլոդ Յունկերին ու Ֆեդերիկա Մոգերինիին, պարզ կդառնա Եվրախորհրդարանում ձևավորվելիք նոր կոալիցիաներից: Գուցե արտառոց հնչի, բայց փաստացի՝ հաղթողները պարտվել են՝ կորցնելով մանդատները, պարտվածները հաղթել են՝ ավելացնելով մանդատները:

Դիտվել է՝ 1625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ